Պարտքերի հավաքագրման բարձր արդյունավետություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ընկերությունները հնարավորինս շուտ փոխանցեն ժամկետանց գործերն այդ հարցում մասնագիտացված ընկերություններին:
Այս մասին մարտի 23-ին տեղի ունեցած սեմինարի ժամանակ ասել է պարտքերի հավաքագրման ոլորտում ավելի քան 10 տարի մասնագիտացած Դելեքս փաստաբանական գրասենյակի ղեկավար Մարիամ Սանթրոսյանը.
Իմ մասնագիտական փորձը ցույց է տալիս, որ օրինակ՝ 30-60 օր կետանցված գործերով պարտքերի փաստացի հավաքագրումը բավականին բարձր է՝ մեկ տարվա ընթացքում կարող է հասնել կամ հաճախ անցնել 60 տոկոսի, ընդ որում, հաճախ նման պարտքի 35-45 տոկոսը հավաքագրվում է պարտքը փոխանցելուց հետո երկու ամիսների ընթացքում:
Սեմինարին մասնակցել են առևտրային ընկերությունների (մանրամեծածախ առևտուր և մատակարարումներ), բանկերի, վարկային կազմակերպությունների, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների պարտքերի հավաքագրմամբ զբաղվող մասնագետներ:
Մարիամ Սանթրոսյանը մանրամասն ներկայացրել է պարտքերի հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված կոնկրետ մոտեցումներ և գործընթացներ, որոնք մշակվել և հղկվել են տասնամյա աշխատանքի ընթացքում, քննարկվել են բոլոր այն սկզբունքներն ու մեթոդները, որոնք արդյունավետ են դարձնում պարտքերի հավաքագրման ընթացքը, խոսել է արտադատական գործընթացների՝ զանգերի կենտրոնների, հաշտության գործընթացների կարևորության մասին՝ որպես պարտքերի հավաքագրման գործընթացն արագացնող և արդյունավետությունը բարձրացնող գործիքի:
Առանձին անդրադարձ է կատարվել հաշվետվողականության և տվյալների վերլուծության կարևորությանը՝ որպես պարտքերի հավաքագրման ընթացքի օբյեկտիվ գնահատման գործիքի և ձևավորվող խնդիրների վաղաժամ հայտնաբերման և կարգավորման գործիքի: Վերջին օրենսդրական զարգացումները կապված արբիտրաժի՝ պարտքերի հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացման համար կիրառման հնարավորությունները ևս դարձել են քննարկման առարկա: